Երևանում կայացել է Հայ-եգիպտական գործարար միության անդրանիկ հանդիպումը

Տեղադրված է

Փետրվարի 22-ին Երևանում կայացել է «Հայ-եգիպտական գործարար միություն»հասարակական կազմակերպության անդրանիկ հանդիպումը, որին ներկա են եղել Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթին և Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում ընտրվել է վարչություն՝ հետևյալ կազմով՝ նախագահ Էդուարդ Մանուկյան, փոխնախագահ Թաֆֆի Սեմերջյան, անդամներ՝ Վահան Դանիելյան, Արամ Հովսեփյան, Թաֆֆի Հելինյան, Արմեն Ներսեսյան, Եգիպտական Air Cairo ավիաընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ, ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորի զարգացման գծով տնօրեն Ալեքսան Զաքյան: Հայ-եգիպտական գործարար միությունը, որին անդամակցում է շուրջ 35 հայ գործարար, նպատակ ունի զարգացնելու տնտեսական, գործարար կապերը Հայաստանի և Եգիպտոսի միջև, խթանելու զբոսաշրջության զարգացումը:

«2017 թվականի սեպտեմբերին Երևանում կայացած Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 5-րդ նիստի ընթացքում, որին մասնակցում էր Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրին, որոշվեց և ինձ հանձնարարվեց ստեղծել գործարար միություն՝ երկու երկրների ներդրումների ոլորտում համագործակցություն իրականացնելու համար: Մեկ ամիս առաջ հիմնադրեցինք «Հայ-եգիպտական գործարար միություն» հասարակական կազմակերպությունը, որի անդրանիկ նիստը կայացավ երեկ՝ փետրվարի 22-ին»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց նորաստեղծ միության նախագահ Էդուարդ Մանուկյանը,ով վերջերս նշանակվել էր նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչը Եգիպտոսում:

Մեկ ամիս հետո Կահիրեում կկայանա արդեն եգիպտական կողմի անդրանիկ հավաքը, որից հետո ապրիլ կամ մայիս ամիսներին Եգիպտոսում կամ Հայաստանում կգումարվի միության երկկողմ ժողովը, որին ներկա կլինեն երկու երկրների պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները:

«Միության գործունեության շնորհիվ փոխշահավետ համագործակցություն կարող է առաջանալ տեքստիլ արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործություն, զբոսաշրջության ոլորտներում: Մեր առաջնային աշխատանքներից է նաև Երևան-Կահիրե ուղիղ ավիաչվերթի բացումը: Կարծում եմ՝ նորաստեղծ կազմակերպությունը նոր թափ կհաղորդի հայ-եգիպտական գործարար կապերին և կնպաստի ներդրումներին ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Եգիպտոսում»,- նշեց Էդուրադ Մանուկյանը:

write a comment

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10