«Ջորջ Քլունին»՝ Շարմ էլ Շեյխում. Արևելյան առևտրի յուրահատկությունը

Տեղադրված է

«Փող ցը-կա, փող ցը-կա», - Շարմ էլ Շեյխի «Հին Եգիպտոս» (Old Egypt) կոչվող շուկայի առևտրի կետերից հայերին դատարկաձեռն դուրս գալիս տեսնելիս, խորամանկ ժպիտով, բացականչում են երգիպտացի առևտրականները։ Առաջին հայացքից հայերեն խոսքը զարմացրեց և հարցին, թե գիտե՞ն հայերեն, մի քանիսը վարժ կրկնեցին. «Փող ցը-կա»։ Հարցուփորձից պարզվեց, որ հայերն այստեղ առևտուր անելիս շատ են ասել՝ «փող չկա»՝ այդպես մերժելով եգիպտացի առևտրականներին։

Իսկ նրանք առևտրի մեջ յուրահատուկ են, ընդհանրապես, այս երկրում առևտուրն է յուրահատուկ։ Այստեղ երբեք նախնական գնով ապրանք չես գնի. մտնում ես խանութ, հարցնում գինը, որը շատ հաճախ բարձր է լինում, ու սկսում ես սակարկել և արդյունքում, ասենք, 25 դոլարանոց ապրանքը կարող ես գնել 10 կամ 15 դոլարով։ Սակարկելն էլ է գեղեցիկ ստացվում. եգիպտացի վաճառականն այդ ընթացքում կարող է մի քանի անգամ սեր խոստովանել՝ խորամանկ ու լայն ժպիտով։ Եթե, այնուամենայնիվ, վերջնական գինը գնորդի սրտով չէ, և նա դուրս է գալիս խանութից, վաճառողը կարող է վազել գնորդի հետևից և նրա ուզած գնով վաճառել ապրանքը։ Իհարկե, կան նաև համառներ, ինչպես Ռոման էր. արևելյան նախշերով զգեստի գինը նա այդպես էլ չզեղչեց։ 

«Հին Եգիպտոս» շուկան Շարմ էլ Շեյխի գրեթե կենտրոնում է։ Ամեն ինչ արել են, որ առևտուրը հետաքրքիր լինի. հնչում է կենդանի երաժշտություն, կրակով ցուցադրվում են ամենատարբեր հնարքներ։ Շուկայի կենտրոնում ուղտն է նստած ու սպասում հյուրերի։

Վաճառում են գույնզգույն շարֆեր, հուշանվերներ՝ փղի, ուղտի, փարավոնների արձանիկներ, կաշվե պայուսակներ, ճամպրուկներ, արևադարձային մրգեր, արևելյան քաղցրավենիք, նարգիլե. այն ամենը, ինչ զբոսաշրջիկին կարող է մի կտոր Եգիպտոս հիշեցնել։

Հոլիվուդյան աստղի անվամբ խանութը

Շարմ էլ Շեյխում հատկապես զբոսաշրջիկների շրջանում հայտնի է «Ջորջ Քլունի» անունով փոքրիկ խանութը, որտեղ ապրանքը վաճառվում է գրեթե ինքնարժեքով։ Խանութի տերը Ջորջն է, որը դիմել է խորամանկության՝ օգտագործելով հոլիվուդյան հայտնի դերասանի ազգանունը իր համար բրենդ ստացել։ Աշխատում են քաղաքի տարբեր հյուրանոցներից սեփական մեքենաներով զբոսաշրջիկներ բերել քաղաքի կենտրոնից հեռու այս փոքրիկ խանութ ու առևտուր կազմակերպել։ Ջորջն ինքն է գալիս, մանրամասն ներկայացնում ապրանքներն ու դրանց գինը։ Չի մոռանում ասել, որ անպայման կզեղչեն։

Թերևս դա է պատճառը, որ այստեղ այցելած զբոսաշրջիկները՝ հիմնականում Ուկրաինայից, Ղազախստանից թղթադրամների վրա իրենց սրտի խոսքն են թողել. «Ջորջ, շնորհակալություն լավագույն խանութի համար, որտեղ կա մեծ ընտրություն», «Հաջողություններ, Ջորջ» և այլն։

Ռուսները Շարմ էլ Շեյխում փոխարինվում են հայերով

Ռուսների պակասը Շարմ էլ Շեյխը շատ է զգում. Սինայում օդանավի հայտնի ահաբեկչությունից հետո ռուսները շատ քիչ են այցելում ծովափնյա այս քաղաք։ Եվ ռուսների փոխարեն եգիպտական տուրիստական ընկերությունները սկսել են նայել դեպի Հայաստանի կողմը։ «Air Cairo» ավիաընկերությունը, որը հայկական շուկա է մուտք գործել 2017-ի հուլիսի 20-ից, այդ օրվանից սկսած կանոնավոր չվերթներ է իրականացնում դեպի Շարմ ԷԼ Շեյխ և Հուրգադա։  Ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորն է։

Այստեղ ասում  են, որ Հայաստան-Եգիպտոս ուղևորափոխադրումների ծավալն այնքան է ավելացել, որ մարտի 26-ից լինելու է շաբաթական 3 կանոնավոր թռիչք՝ 2 դեպի Շարմ Էլ Շեյխ, 1 դեպի Հուրգադա։ Հայաստանից 30 լրագրողներից կազմված խմբի մեկշաբաթյա այցելությունը Շարմ էլ Շեյխ կազմակերպել էր նույն ավիաընկերությունը և Հայաստանում այդ ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Anriva Tour» ընկերությունը։

Եգիպտոսում ԱՆՌԻՎԱ-ի էքսկլյուզիվ գործընկերոջ ավագ զբոսավար Ահմեդ Ասսադը, ով լրագրողներին ծանոթացրել էր Շարմ էլ Շեյխի գողտրիկ անկյուններին ու կոթողներին, ասում է, որ իրենց համար հաճելի է հայերի հետ աշխատելը։ Ահմեդն ասում է՝ Հայաստանից իրենք հյուրեր ունենում են նաև ամանորյա տոներին, թեպետ իրենց համար դա տոն չէ և իրենք այն չեն նշում։

Ծովափնյա արևոտ այս քաղաքն ունի 237 հյուրանոց, որոնք մեկը մեկից շքեղ են ու հյուրընկալ. նրանք հյուրերին դիմավորում են հյութերով, գինով և ճանապարհում հատուկ ժպիտով։ Սպասարկողներն այստեղ միայն տղամարդիկ են ու հատկապես կանանց համար ժպտալը նրանց մոտ շատ լավ է ստացվում։

write a comment

ԹԵԺ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Գրանցվել նորությունները ստանալու համար

Գտնել մեզ քարտեզիվրա

երկիր

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԵԳԻՊՏՈՍ

քաղաք

  • ԵՐԵՎԱՆ

հասցեներ

Կոմիտասի պող․ 20
+374 12 22 12 12, +374 60 61 11 10